Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը գործում է դեռևս 1959 թվականից Նորքի այգիներ 193 հասցեում:
Կրթահամալիրում սովորում են լսողության ֆունկցիայի միջին, ծանր և խորը խանգարումներ ունեցող 5-18 տարեկան 116 երեխաներ՝ ՀՀ տարբեր մարզերից, ԼՂՀ-ից և Վրաստանից:
ՀՀ կրթության, գիտության նախարարի 14.08.2009 թվականի 714-Ա/Ք հրամանի հիման վրա տրված լիցենզիաների համաձայն կրթահամալիրն իրավունք ունի մինչև 300 սովորողների համար իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը. Նախադպրոցական կրթական ծրագիր /լիցենզիա № 0615 08.07.2019թ / Տարրական ընդհանուր /լիցենզիա № 0008 14.08.2009/ Հիմնական ընդհանուր /լիցենզիա № 0008 14.08.2009/ Միջնակարգ /լրիվ/ընդհանուր /լիցենզիա № 0008 14.08.2009/ Կրթահամալիրը ունի նախադպրոցական խումբ, որտեղ սովորում են 3-5 տարեկան թվով 6 լսողության ծանր և խոր խանգարում ունեցող փոքրիկներ:
Նրանք իրենց առօրյան անցկացնում են վառ գույներով, գեղեցիկ կահավորված դասասենյակում և խաղասենյակում, իսկ ցերեկային քնի ժամը վայելում են հարմարավետ ննջասենյակում:
Նախադպրոցական խմբում կրթությունն իրականացվում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատության ուսումնական պլանով:
Տարրական դպրոցում՝ 1-ից 4-րդ դասարաններում, սովորում են ընդհանուր թվով 27 աշակերտ: Տարրական դասարաններում կրթությունը իրականացվում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատության ուսումնական պլանով:
Իրենց ուսումնառության 4 տարիների ընթացքում հանրակրթական հիմնական առարկաներից զատ ուսումնասիրում են «Ռիթմիկա», «Առարկագործնական ուսուցում», «Խոսքի զարգացում» առարկաներ: Ինչպես նաև յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված է զարգացնող հատուկ մանկավարժական անհատական պարապմունքներ:
Միջին դպրոցում՝ 5-9 դասարաններում, սովորում են ընդհանուր թվով 57 աշակերտներ: Միջին դպրոցում կրթությունը իրականացվում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատության ուսումնական պլանով:
Կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է երկլեզու (խոսքաժեստային) ուսուցման մեթոդով՝ որպես լսողության խանգարում ունեցող երեխաների բառային խոսքի զարգացման և գիտելիքի յուրացման գործընթացի հեշտացման միջոց:
Միջնակարգ կրթության վերջին աստիճանը՝ ավագ դպրոցը, տալիս է արհեստագործական նախամասնագիտական կրթություն /կոշկակարություն, ոճաբանություն (վարսահարդարում, դիմահարդարում-մատնահարդարում), ոսկերչություն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում առարկաներ։ Կրթահամալիրում գործում են նաև ՏՀՏ հմտությունների, 3D մոդելավորման, մարքեթինգի, մնջախաղի, քանդակագործության, պարի, երգի և այլ խմբակներ։
Ավագ դպրոցում՝ 10-12 դասարաններում, սովորում են 26 աշակերտ:
Նրանց կրթությունը իրականացվում է ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլանով: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարվում աշակերտների ֆիզիկական, բարոյական, գեղագիտական, հայրենասիրական և աշխատանքային դաստիարակության ուղղությամբ: Այդ նպատակով կազմակերպվում են միջոցառումներ, խաղեր, զրույցներ, հանդիպումներ, այցելություններ տարբեր մշակութային օջախներ։