«ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ը գործում է 1959 թվականից՝ Երևան քաղաքի Նորքի այգիներ 193 հասցեում՝ իրականացնելով լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության, դաստիարակության, զարգացման և սոցիալական ներառմանն ուղղված գործունեություն։
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առաքելությունը․
ԼԽՈՒԵ ՀԴ-ՌԿ-ն իրականացնում է լսողության խանգարումներ ունեցող 4-18 տարեկան մանկավարժահոգեբանական աջակցության 3-րդ և 4-րդ աստիճանի կարիք ունեցող սովորողների կրթությունը՝ ապահովելով նրանց անհատական կարիքներին համապատասխան կրթական պայմաններ, մանկավարժահոգեբանական աջակցություն և զարգացման հնարավորություններ, նպաստում է հաղորդակցական, ճանաչողական, սոցիալական և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աջակցում է հանրակրթական համակարգում լսողության խանգարումներ ունեցող սովորողների ներառական արդյունավետ կրթության գործընթացին։
ՀՀ կրթության, գիտության նախարարի 14.08.2009 թվականի N 714-Ա/Ք հրամանի հիման վրա տրված լիցենզիաների համաձայն՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն իրավունք ունի մինչև 300 սովորողի համար իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.
- Նախադպրոցական կրթական ծրագիր՝ լիցենզիա N 0615, 08.07.2019
- Տարրական ընդհանուր կրթական ծրագիր՝ լիցենզիա N 0008, 14.08.2009
- Հիմնական ընդհանուր կրթական ծրագիր՝ լիցենզիա N 0008, 14.08.2009
- Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր՝ լիցենզիա N 0008, 14.08.2009
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական խմբում ստեղծված են երեխաների զարգացմանն ու խնամքին նպաստող բարենպաստ պայմաններ։ Երեխաներն իրենց առօրյան անցկացնում են վառ գույներով և գեղեցիկ կահավորված դասասենյակում ու խաղասենյակում, իսկ ցերեկային քնի համար նախատեսված է հարմարավետ ննջասենյակ։ Նախադպրոցական կրթության կարևոր ուղղություններից է երեխաների անհատական ներուժի բացահայտումը և զարգացումը՝ կիրառելով տեսողական, ժեստային և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ։
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ուսումնառության չորս տարիների ընթացքում հանրակրթական հիմնական առարկաներից զատ աշակերտներն ուսումնասիրում են «Ռիթմիկա», «Առարկագործնական ուսուցում» և «Խոսքի զարգացում» առարկաները։ Յուրաքանչյուր սովորողի համար նախատեսվում են նաև զարգացնող հատուկ մանկավարժական անհատական պարապմունքներ՝ ուղղված խոսքի, հաղորդակցման, ճանաչողական և այլ կարողությունների զարգացմանը։ Ուսուցման գործընթացում կիրառվում են տեսողական նյութեր, առարկայական թեմատիկ ցուցադրություններ, ժեստային հաղորդակցում և սովորողների անհատական առանձնահատկություններին համապատասխան ուսուցման մեթոդներ։
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
5-9-րդ դասարաններում ուսումնական գործընթացում կարևոր նշանակություն է տրվում առարկայական գիտելիքների խորացմանը, բառային և ժեստային հաղորդակցման զարգացմանը, ընթերցանության և գրավոր խոսքի կարողությունների կատարելագործմանը, ինչպես նաև սովորողների ինքնուրույնության և սոցիալական հմտությունների ձևավորմանը։
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Միջնակարգ կրթության վերջին աստիճանը՝ ավագ դպրոցը, սովորողներին հնարավորություն է տալիս ստանալ արհեստագործական նախամասնագիտական կրթություն և զարգացնել աշխատանքային ու ձեռնարկատիրական հմտություններ։ Ավագ դասարաններում ուսումնասիրվում են հետևյալ արհեստագործական առարկաները.
- Կոշկակարություն։
- Ոճաբանություն՝ վարսահարդարում, դիմահարդարում և մատնահարդարում։
- Ոսկերչություն։
- Դեկորատիվ կիրառական արվեստ։
- Հագուստի մոդելավորում։
Բացի նախամասնագիտական արհեստագործական կրթությունից՝ Կենտրոնում գործում են կերպարվեստի, քանդակագործության, ՏՀՏ հմտությունների, 3D մոդելավորման, մարքեթինգի, մնջախաղի, քանդակագործության, պարի, երգի և այլ խմբակներ, որոնք նպաստում են սովորողների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, մասնագիտական կողմնորոշմանը և ապագա զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։
Ավագ դպրոցի կրթական գործընթացում կարևորվում են սովորողների ինքնուրույնության, նախաձեռնողականության, մասնագիտական կողմնորոշման, աշխատանքային կարգապահության և ձեռնարկատիրական մտածողության զարգացումը։
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում ուսուցումը կազմակերպվում է երկլեզու՝ խոսքաժեստային ուսուցման մեթոդով։ Այս մոտեցումը նպաստում է լսողության խանգարում ունեցող երեխաների հաղորդակցման հնարավորությունների ընդլայնմանը, ուսումնական նյութի ընկալմանը, գիտելիքների յուրացմանը և բառային խոսքի զարգացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի հաղորդակցական կարիքները։ Նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվում սովորողների ֆիզիկական, բարոյական, գեղագիտական, հայրենասիրական և աշխատանքային դաստիարակության ուղղությամբ։ Այս նպատակով կազմակերպվում են միջոցառումներ, խաղեր, թեմատիկ զրույցներ, հանդիպումներ, ուսումնական և ճանաչողական այցեր, այցելություններ մշակութային օջախներ, ստեղծագործական նախաձեռնություններ և ներառական համագործակցային ծրագրեր։
Կենտրոնի գործունեության առանցքում սովորողի անհատականության, ինքնաարտահայտման կարողությունների զարգացման, ինքնուրույնության և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանումն է։
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի գործունեությունը․
Որպես լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնագիտացված կրթական և մասնագիտական աջակցության կառույց, իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն կենտրոնում սովորող երեխաների, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում կրթություն ստացող լսողության խանգարումներ ունեցող սովորողների, նրանց ծնողների, մանկավարժների և կրթության կազմակերպման գործընթացում ներգրավված մասնագետների աջակցությանը միտված ուղղություններով։
Ռեսուրս կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է մասնագիտական գիտելիքների, փորձի և կրթական ռեսուրսների փոխանցման միջոցով նպաստել լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության հասանելիության, որակի և ներառականության բարելավմանը։
Ռեսուրս կենտրոնի շրջանակում նախատեսվում և իրականացվում են հետևյալ ուղղությունները.
- ՀՀ հանրակրթական դպրոցների հետ համագործակցություն՝ լսողության խանգարումներ ունեցող սովորողների կրթության կազմակերպման և աջակցության նպատակով։
- Մանկավարժների, հատուկ մանկավարժների, ուսուցիչների օգնականների և կրթության ոլորտի այլ մասնագետների մասնագիտական խորհրդատվություն և վերապատրաստման աշխատանքներ։
- Համագործակցություն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ-ների), կրթական հաստատությունների և ոլորտի մասնագետների հետ։
- Լավագույն մանկավարժական փորձի փոխանակում, համատեղ դասերի, բաց դասերի, մասնագիտական քննարկումների և վերապատրաստումների կազմակերպում։
- Խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն ծնողներին՝ երեխայի կրթության, հաղորդակցման, զարգացման և սոցիալական ներառման հարցերով։
- Լսողության խանգարումներ ունեցող երեխաների վաղ հայտնաբերման, կրթական ուղղորդման և ընտանիքների հետ համագործակցության գործընթացների աջակցություն։
- Կրթության ոլորտում ներառական միջավայրի, հաղորդակցական մատչելիության և լսողության խանգարումներ ունեցող երեխաների իրավունքների իրացման խթանում։
Ռեսուրս կենտրոնի գործունեությունը հիմնված է մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման, կրթական նորարարությունների ներդրման և յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման սկզբունքների վրա։
«ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը յուրաքանչյուր երեխայի անհատական ներուժի բացահայտումն ու զարգացումն է՝ ստեղծելով կրթական միջավայր, որտեղ լսողության խանգարումը չի սահմանափակում սովորելու, հաղորդակցվելու, ստեղծագործելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու հնարավորությունները։