facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


«Աստղիկ» ԲԿ-ն Հայաստանում առաջինն է ձեռք բերել Helena -AC4 ավտոմատ ...
Իմանալ ավելին
Oգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը   Ֆրեզնոյում ...
Իմանալ ավելին
Samsung-ը պատրաստվում է թողարկել iPhone-ին մրցակից Samsung-ը կթողարկի Galaxy S10-ի 3 ...
Իմանալ ավելին
ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ԸՕ փոփոխության ...
Իմանալ ավելին
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու Ազգային ...
Իմանալ ավելին
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՊԱԼԱՏ

 

 

Հայկ Ազարյան     1932 թվականին ստեղծվեց Հայաստանի խուլերի միավորումը /ՀԽՄ/: Ըստ 1932 թվականի ապրիլի 23-ի Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական գործադիր կոմիտեի ընդլայնված նիստի № 23 արձանագրության` ընդունվեց դրական որոշում Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության ժողովրդական կոմիտեին կից խուլերի միավորում ստեղծելու մասին: Խորհուրդն այդ կարևոր խնդիրների լուծման իրականացումը դրեց լսողություն չունեցող Հայկ Ազարյանի վրա: Հայկ Ազարյանը, որն ուներ կազմակերպչական ընդունակություններ, այդ դժվարին տարիներին խուլերի միավորում ստեղծելու անհրաժեշտ աշխատանքը հաջողությամբ իրականացրեց: Եվ ընտրվեց Հայաստանի խուլերի հանրապետական միավորման կենտրոնական վարչության նախագահ: Նա միավորումը ղեկավարեց 1932-1942թվականներին:


Գուրգեն Մկրտումյան
         Հայկ Ազարյանից հետո մի կարճ ժամանակահատված խուլերի միավորումը ղեկավարեց Գուրգեն Մկրտումյանը /խուլ/:
1940-ական թվականներին խուլերի միավորումը գործեց, ուներ իր կնիքը, դրոշմակնիքը, գրասենյակը, փոքրիկ դահլիճը, քիչ թե շատ լուծեց իր անդամների խնդիրները, անցկացրեց ժողովներ, կոնֆերանսներ, պլենումներ:
  

Պյոտր Աֆանասև
       1942 թվականին ՀԽՄ կենտրոնական վարչության նախագահ ընտրվեց լսողությունից զուրկ Պյոտր Աֆանասևը, որը պաշտոնավարեց 20 տարի` 1942-ից մինչև 1962 թվականը: Գուրգեն Մկրտումյանը Հայաստան հրավիրեց Աֆանասևին, որն էլ  սկսեց օգնել խուլերին գրելու տեքստեր, ձևակերպելու ցանկացած գրություններ: Երևանի խուլերը գնահատեցին Ռուսաստանից եկած հյուրի աշխարհայացքը, հաջողության հասնելու նրա կարողությունները և խնդրեցին մնալ Հայաստանում` իրենց հետ: Նա ընդունեց առաջարկը: Պյոտր թարգմանաբար նշանակում է քար: Պատկերավոր ասած` Պյոտր Աֆանասևը դարձավ այն «քարը», որը դրվեց Հայաստանի խուլերի միավորման հիմքում: Հայաստանում նրա մասին նաև հիմա էլ լեգենդներ են շրջում: Վետերանները հիշում են. նրա հասակը 190 սմ էր, կոշիկը` 46 համարի, բոլոր լուսանկարներում նա մարդկանցից մեկ գլուխ բարձր էր: Աշխատել է միջոցառումների կազմակերպիչ, ակումբի վարիչ: 1942 թվականին Հայաստանի խուլուհամրերի միավորման նախագահ է ընտրվել:



   Այնուհետև ՀԽՄ կենտրոնական վարչության նախագահ դարձավ Ն.Ավետիսյանը /թույլ լսողություն ունեցող/, նախագահի տեղակալ` Մանվել Եսայանը, իսկ ՀԽՄ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի /5 անդամ/ նախագահ դարձավ Հրանուշ Հովսեփյանը /Համագումարից երկու ամիս անց Պյոտր Աֆանասևը նշանակվեց Երևանի № 2 ձեռնարկության տնօրեն/:

    Մինչև 1948 թվականը միավորումը չուներ ամենակարևորը` իր կանոնադրությունը: Այն ընդունվեց 1948 թվականին, երբ տեղի ունեցավ Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությանը կից Հայաստանի խուլերի միավորման հիմնադիր համագումարը: Հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցեց Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանը: Համագումարում ընդունվեց Հայաստանի խուլերի միավորման առաջին կանոնադրությունը:

     Նորայր Ավետիսյանը միավորումը ղեկավարեց մինչև 1962-1963 թթ. որից հետո նշանակվեց Երևանի № 2 ուսումնաարտադրական ձեռնարկության տնօրեն:
Այնուհետև 1963-1965 թթ. ՀԽՄ կենտրոնական վարչության նախագահ ընտրվեց Վազգեն Խուդոյանը /լսողություն ունեցող, նրա թեկնածությունն առաջադրել էր սոցիալական ապահովության մինիստրությունը, որին խուլերը դիմել էին խնդրանքով, որպեսզի նշանակվի համապատասխան թեկնածու/:
Նորայր Ավետիսյան
 
 Տիգրան Ղարիբյան  Հակոբ Վաղարշակյան  Դարվիկ Գասպարյան  Ժորա Վարագյան

      Դրանից հետո մինչև հերթական 5-րդ համագումարը, որը կայացավ 1968 թվականին, միավորումը ղեկավարեց Տիգրան Ղարիբյանը /լսողություն ունեցող/: Այդ շրջանում նախագահության անդամներն էին Տ.Ղարիբյանը, Վ.Գզրանյանը, Ա.Մկրտչյանը, Գ.Հովսեփյանը, Ա.Ասատրյանը, Բ.Դայանը, Բ.Վարդանյանը, Ն.Բաղամյանը և Լ.Հակոբյանը:      

      1968 թվականի նոյեմբերի 6-ին կայացավ ԿՎ 2-րդ արտահերթ պլենումը, որը քննարկեց ՀԽՄ կենտրոնական վարչության նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Հակոբ Վաղարշակյանի թեկնածությունը: Այդ պլենումում նա ընտրվեց կենտրոնական վարչության և ԿՎ նախագահության անդամ, որից հետո Հ.Վաղարշակյանը /լսողություն ունեցող/ ընտրվեց ՀԽՄ ԿՎ նախագահության նախագահ:

     Այնուհետև ՀԽՄ ԿՎ նախագահ դարձավ Դարվիկ Գասպարյանը /լսողություն ունեցող/, նախագահի տեղակալ` Ժորա Վարագյանը, ԿՎՀ-ն գլխավորեց Լյովա Մկրտչյանը: Իսկ 1981 թվականի հունիսի 18-ի նախագահության նիստում ՀԽՄ ԿՎ նախագահի տեղակալ նշանակվեց Ժորա Վարագյանը և այն ղեկավարեց մինչև 1986 թվականը: Նույն թվականին նշանակվեց ՀԽՄ նախագահ, և ղեկավարեց այն մինչև 2007 թվականը: 2007 թվականի սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ պլենում: Նախագահի պարտականությունները դրվեցին Անդրանիկ Գրիգորյանի վրա: Դա տեղի ունեցավ համագումարից մեկ ամիս առաջ: 2 տարի հետո 2009թ-ին միության նախագահ դարձավ Գրիգոր Գրիգորյանը և այն ղեկավարում է մինչ այսօր:
     Արժե որոշ չափով ներկայացնել Գրիգորյանների ընտանիքը, հասկանալու, թե ինչպիսի մարդիկ էին նրանք, ովքեր չվախեցան այդ ծանր տարիներին Հայաստանի խուլերի միավորման պահպանման պատասխանատվությունն իրենց վրա վերցնելուց:  
    
    Անդրանիկի և Գրիգորի ծնողները Երևանում հայտնի մարդիկ էին. Վանիկ Գրիգորյանը 30 տարի Երևանի № 2 ՈՒԱՁ-ում ձևարար էր, լավագույն ֆուտբոլիստներից էր, մայրը` Ալմաստ Ղորղանյանը, 26 տարի աշխատեց տրիկոտաժի արտադրամասում: 1970 թվականին ծնվեց նրանց որդին` Գրիգորը, որը երեք տարեկանում լսողությունն ամբողջովին կորցրեց: Սկզբում նա հաճախեց Երևանի թույլ լսողություն ունեցող երեխաների մանկապարտեզ, իսկ 1976 թվականին տեղափոխվեց Ստավրապոլ ու հաճախեց տեղի խուլ երեխաների մանկապարտեզ: Հետո սովորեց Ստավրապոլի խուլերի գիշերօթիկ դպրոցում: Իսկ Անդրանիկը ծնվեց 1973 թվականին, լսողություն ուներ, չորրորդ դասարանում լսողությունը թուլացավ, և նա էլ տեղափոխվեց Պյատիգորսկի թույլ լսողություն ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոց: Հետաքրքիր է, որ Գրիգորյան եղբայրներին Ստավրապոլի դպրոցներում տեղավորվելու հարցում օգնեց խուլերի համառուսաստանյան միավորման ԿՎ նախագահ Վալերի Կորաբլինովը, որը համապատասխան երաշխավորագրեր տվեց: Սակայն 1989 թվականին որոշում ընդունվեց ԽՍՀՄ այլ հանրապետություններից Ստավրապոլի դպրոցներում երեխաներ չընդունելու մասին, և Գրիգորը ստիպված տեղափոխվեց Թբիլիսիի ռուսական գիշերօթիկ դպրոց, որտեղ էլ ավարտեց 12-րդ դասարանը: Իսկ Անդրանիկը Պյատիգորսկում սովորեց միայն չորս տարի, 1989 թվականին վերադարձավ Երևան, որտեղ և շարունակեց կրթությունը:

    1991 թվականին Անդրանիկ Գրիգորյանը ամուսնացավ Հայշատ անունով մի աղջկա հետ, որի հետ սովորել էր Պյատիգորսկի դպրոցում: Նրանք երկու որդի ունեն` Ալիկը և Արսենը: 1993 թվականից Անդրանիկը հաստատվեց Մոսկվայում, որտեղ և զբաղվում է բիզնեսով:

    Իսկ Գրիգորը 1990-1992թթ. աշխատեց № 2 ՈՒԱՁ-ի գուլպայի արտադրամասում: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մեկնեց Ստավրապոլ և 1992-1994 թվականներին ապրեց այնտեղ: Սովորեց տեղի գիշերային դպրոցում: Եվ շուկայում սկսեց զբաղվել տարբեր տեսակի տպագրական արտադրանքի առևտրով: Շատ լավ ֆուտբոլ էր խաղում, նույնիսկ ընդգրկվեց ԽՍՀՄ պատանիների հավաքականի կազմում: 1994 թվականին ամուսնացավ բելոռուսցի հայտնի դահուկորդ Օլգա Կազնովսկայայի հետ, որի հետ պատահաբար ծանոթացել էր Հայաստանում, այն տարիներին երբ Ծաղկաձորում կանոնավոր մարզվում էին ԽՍՀՄ դահուկորդների հավաքականի անդամները: 1994 թվականին ծնվեց նրանց ավագ որդին Ալենը /կրտսերը` Արմանը, ծնվեց նրանից 11 տարի անց/: Բելոռուսում Գրիգորյանն ապրեց 1994-1997 թվականերին, տեղի գեղարվեստական ինքնագործ խմբի ակտիվ մասնակիցներից էր: Հովանավորեց Բելոռուսիայի խուլերի միավորման մշակույթի հանրապետական պալատում տեղի ունեցած միջոցառումները /«Երջանկության կոշիկները» ջենտլմեն-շոուն, ամանորյա մանկական լուսաբացը, «Միսս ոճ - 97» և այլն/: 1998 թվականին նա մեկնեց Մոսկվա, որտեղ էլ երկու տարի անց տեղափոխեց իր ընտանիքը: Ռուսաստանի խուլ նկարիչների ասոցիացիայի և դիմախաղի ու ժեստերի թատրոնի անդամների հետ 1999 թվականին եղավ ԱՄՆ-ում:

 

Գրիգոր Գրիգորյան

      ՀԽՄ-ի հաշվեհամարում ոչ մի կոպեկ չկար: Սկզբնական շրջանում Գրիգոր Գրիգորյանը և նրա եղբայրը /ՀԽՄ փոխնախագահը/ գործի մեջ դրեցին սեփական միջոցները:

     2006 թվականին խուլերին արգելեցին սովորել մեքենա վարելու դասընթացներում: Գրիգորյան եղբայրները սկսեցին իրենց պայքարը ավտոսիրողների համար և 2009 թվականին հասան անհեթեթ արգելքի վերացմանը:    

    Նոր ղեկավարությունը զարկ տվեց մշակույթի վերածնմանը: Ամենակարևորը` փրկվեց ՀԽՄ մշակույթի և սպորտի պալատը, սկսվեց նրա աստիճանական նորոգումը: Չնայած այդպիսի արագ ընթացքին, առաջին հինգ տարիները դժվար էին: Պետության կողմից իրական ֆինանսավորում չկար: Գրիգորն ու Անդրանիկն անձամբ էին ֆինանսավորում միջոցառումները:   

    Թեև բոլոր դժվարություններին, Հայաստանի խուլերի միավորումն իր հիմնադրման 80-ամյակի շեմին վստահ նայում է ապագային: Եվ այսօր Հայաստանի խուլերի միավորումը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել արտերկրի խուլերի կազմակերպությունների` հատկապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների խուլերի միավորումների հետ: ՀԽՄ-ն հետևողականորեն մեծացնում է իր համագործակցությունը նրանց հետ մշակույթի և սպորտի ոլորտներում:

 

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114