ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԿՑՈՒԹՅԱՄԲ
15 հոկտեմբերի, 2014 | 11:00
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մարզադահլիճում իրականացրել է ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառում՝ կրթահամալիրի սաների մասնակցությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Այս մասին հայտնւում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ծրագիրն ուղղված էր հաշմանդամային սպորտի քարոզչությանը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելուն, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացմանն ու իրագործմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությանն ինտեգրման գործընթացի խթանմանն՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի մարզական ոլորտում ու նպաստելով հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:
Նախարարության աշխատակազմի ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է, իսկ համագործակցությունն ավանդական բնույթ է կրում և կլինի շարունակական:
Միջոցառումը մեկնարկել է կրթահամալիրի ղեկավարության կողմից խուլերի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր 3 սաներին ու մարզիչ Ալեքսան Մարկոսյանին նվերներ հանձնելով, որից հետո անցկացվել են 10 խաղային վարժություններ, իսկ ավարտին 2 մասնակից թիմերը («Զինանշան» և «Դրոշ») պարգևատրվել են կրթահամալիրի տնօրինության պատվոգրերով:
Նախարարության և ֆեդերացիայի կողմից հանձնվել են բասկետբոլի ու ֆուտբոլի գնդակներ, իսկ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպմանն աջակցելու համար կրթահամարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը ստացել է նախարարության շնորհակալագիր: