ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐ
|
Խուլերն ունեն իրենց ժեստերի լեզուն, որը նրանց առաջին, մայրենի լեզուն է: խուլերի հետ լիարժեք հաղորդակցվելու, հասկանալու, հասկանալի լինելու համար անհրաժեշտ է տիրապետել ժեստերի լեզվին: Ժեստերի լեզվի իմացությունը կարևորագույն միջոց կդառնա հասարակության մեջ լսող և ոչ լսող անձանց փոխադարձ ինտեգրմանը: Ժեստերի լեզուն շարժուն, ինքնատիպ համակարգ է և ունի իր սեփական բառապաշարն ու քերականական կառուցվածքը: Ժեստերի լեզվում հիմնական կառուցվածքային միավորը ժեստն է:
Ժեստերը ձեռքերի իմաստավորված շարժումներն են, որոնց ընթացքում ձեռքերը հպվում են դեմքին, գլխին և մարմնին: Ժեստերն ունեն բարդ կառուցվածք: Յուրաքանչյուր ժեստ կազմված է հինգ բաղադրամասից՝ 1. մատնաձև 2. տեղ 3. շարժման բնույթ 4. շարժման ուղղություն 5. դիմախաղ: Ժեստերն ուղեկցվում են դիմախաղով, որը կարևոր դեր է կատարում հաղորդակցման ժամանակ: Առանց դիմախաղի ժեստերի լեզուն դառնում է անարտահայտիչ ու անհասկանալի: Ժեստերն արտահայտում են առարկաներ, գործողություններ, երևույթներ, մատնանշում՝ առարկայի տեղը, ուղղությունը, պատկերում՝ ձևը, նմանակումը: